ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում նշել է, որ շատ դժվար զրույց է ունեցել Զելենսկու հետ և հերթական անգամ զգուշացրել նրան, որ Կիևը հաղթաթղթեր չունի: ԱՄՆ-ի նախագահը խոսել է նաև Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների կիրառման մասին, շեշտելով, որ հարցը քննարկվում է, և դրանք կարող են կիրառվել։ «Ես միշտ դա պահուստում ունեի։ Անհրաժեշտության դեպքում կօգտագործեմ։ Ես կնախընտրեի դա չօգտագործել։ Ի դեպ, դա շատ կարևոր է»,- հավելել է Թրամփը։               
 

«Պետք է նկարել ոչ թե Ռաֆայելի նման, այլ երեխաների»

«Պետք է նկարել ոչ թե Ռաֆայելի նման, այլ երեխաների»
20.06.2014 | 11:27

«Հայ-արտ» մշակութային կենտրոնի ցուցասրահում բացվել է «Sevada art studio»-ի սաների գեղանկարչական ստեղծագործությունների ցուցահանդեսը: Ներկայացված է 70 նկարչի 130 աշխատանք: Արվեստանոցի ղեկավար, գեղանկարիչ, լուսանկարիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ ՍԱՄՎԵԼ ՍԵՎԱԴԱՅԻ խոսքով` ցուցահանդեսն իր և իր սաների աշխատանքի հաշվետվությունն է ծնողների, արվեստասերների առաջ. «Ամեն տարի ցուցահանդես ենք անում, և միշտ մեծ թվով հասարակություն է հավաքվում: Ցուցահանդեսը տևում է 15 օրից ոչ պակաս, և այցելուների թիվը շատ շատ է»:
Հաշվետու ցուցահանդեսներից բացի, «Sevada art studio»-ի սաները պարբերաբար ներկայանում են նաև թեմատիկ ցուցահանդեսներով: «Հայ-արտ»-ում բացված ցուցահանդեսն ինչ-որ առումով հոբելյանական է: Սամվել Սևադան (անկախ զբաղեցրած պաշտոններից) շուրջ 40 տարի աշխատում է երեխաների հետ: ԱՄՆ-ում բնակվելու տարիներին նույնպես հիմնել և ղեկավարել է առաջին հայկական նկարչական դպրոցը: Նրա երեխաներից շատերն այսօր հայտնի նկարիչներ են: Ընդունված է ասել, որ «Sevada art studio»-ն 5-ից 105 տարեկան երեխաների համար է: «Ես չեմ պարապում երեխաների հետ ընդունվելու համար, ստուդիա գալիս են ավելի շատ նրանք, ովքեր ուզում են շփվել արվեստի հետ, նկարել, լավ երաժշտություն լսել։ Պարտադիր չէ, որ բոլորը նկարիչ դառնան, կարևորն այն է, որ ճանաչեն նկարչությունը, ճանաչեն գույնը, երջանիկ զգան իրենց»,- «Իրատես de facto»-ի հետ զրույցում ասաց Սամվել Սևադան:
Հետաքրքրվեցի` փոքր տարիքից կարելի՞ է կանխատեսել՝ երեխան նկարիչ կդառնա՞, թե՞ ոչ: «Հենց առաջին վայրկյանից, երբ երեխան մատիտը վերցնում է ձեռքը և սկսում է նկարել, ես հասկանում եմ՝ ճանապարհ ունի՞ անցնելու, թե՞ ոչ»,- եղավ պատասխանը: Իսկ ծնողներն ուզո՞ւմ են երեխան նկարիչ դառնա, նախընտրելի՞ է նկարչությունն իբրև մասնագիտություն, եթե խոսքը լավ ապագայի մասին է: «Համաշխարհային արվեստում մեծ հեղափոխություն է տեղի ունեցել: Հայաստանում էլ նկարիչներ կան, որոնց գործերը բարձր են գնահատվում, վաճառվում են, նկարիչներ կան, որ պայմանագրեր ունեն դրսի պատկերասրահների հետ և մեծ գումարներ են վաստակում,- ասաց Սամվել Սևադան։- Հայաստանում դեռ չկա այդ կուլտուրան, գերադասում են փողը ռեստորաններում ծախսել, քան նկարչից մի գործ գնել: Բացի այդ, նկարչությունը տարբեր ենթաժանրեր ունի, կարող են դառնալ դիզայներ, ճարտարապետ և այլն»:
Ցուցասրահում միայն վառ գույներն են: «Երեխաները պայծառ գույներ են սիրում, ինչպես տեսնում են աշխարհը, այդպես էլ նկարում են: Դրա համար ամեն ինչ այստեղ գեղեցիկ է ու պայծառ»,- ասաց նկարիչը։
Պարզվում է՝ գույների վառ լինելը պայմանավորված է նաև ներկերի որակով։ «Նյութերը` թուղթ, վրձին, ներկ, ես ԱՄՆ-ից եմ բերում: Եթե երեխաներն իրենք են բերում նյութերը, մեկը վատ ներկ է բերում, մյուսը` ֆրանսիական ներկերով է գալիս: Մյուս երեխան աչքը գցում է նրա ներկերին, իր ներկերին, տարբերությունը տեսնում է ու արդեն հիասթափվում է նկարչությունից, սիրտը կախ է ընկնում։ Որպեսզի նման բաներ չլինեն, ես եմ տրամադրում նյութերը»:
Ձեռագրերի նմանություն չկա «Sevada art studio»-ի սաների աշխատանքների մեջ, բայց նկարիչն ասաց, որ երեխայի մոտ վրձինը վերցնում է, նկարում, պետք է տեսնի, որ իր վարպետը նկարում է: «Դա մնում է մարդկանց հիշողության մեջ: Միացյալ Նահանգներում շուրջ 25 տարի առաջ առաջին ցուցահանդեսն էի բացել: Մի երիտասարդ մոտեցավ` երկար բակենբարդներով, տարօրինակ տեսքով, լենինականցու բարբառով: Ասաց` որ պստիկ էինք, այնպես էինք ուրախանում, որ Սամվել Սևադան այդպես նկարում է։ Պիոներական ճամբարում նկարչական խմբակում իրենց դաս եմ տվել, ասում էր` զարմանում էինք, մտածում՝ տեսնես աշխարհում այդպես նկարող կա՞, թե՞ ոչ: Դե, երեխա է եղել, հիմա այդ երեխան աշխարհահռչակ նկարիչ Էմիլ Գազազն է: Այդ գիտակցումը, որ երեխաների հիշողության մեջ մնալու ես, ստիպում է, որ ճիշտ աշխատես նրանց հետ: Իրենք սիրում են, երբ դու իրենց նման ես լինում»:
«Հայ-արտ» կենտրոնի ցուցասրահը բազմամարդ էր։ Հոբելյանական ցուցահանդեսին ներկա էին արվեստագետներ, արվեստասերներ, «Sevada art studio»-ի սաների ծնողներն ու հարազատները։
«Այսօրվա հետաքրքիր միջոցառման ամենահետաքրքիր, ամենակարևոր կողմը Սամվել Սևադայի և ձեր ներդաշնակությունն է: Մի կողմում` տաղանդավոր մարդ, մյուս կողմում` հրաշք, որովհետև աշխարհի բոլոր երեխաները հրաշք են»,- ասաց արվեստաբան ՄԱՐՏԻՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ։ Նրա կարծիքով, եթե աշխարհի բոլոր անկյուններում ամեն օր մանկական ցուցահանդես բացվի, կհետաքրքրի, որովհետև մեծահասակները պետք է անընդհատ հիշեն, թե որտեղից են գալիս: Պատմեց, որ երբ կյանքի վերջին տարիներին Պիկասոն մանկական ցուցահանդեսի է մասնակցում, պտտվում է, պտտվում ու զարմացած ասում, որ իրենց ժամանակ ինքը Ռաֆայելի նման է նկարել (այդպես էլ կա, Պիկասոն չունի մանկական նկարներ), բայց ամբողջ մի կյանք է պահանջվել հասկանալու համար, որ պետք է նկարել ոչ թե Ռաֆայելի նման, այլ երեխաների:
Միջոցառման հյուրերին ու իր վարպետին խոսք ուներ ասելու նաև 7-ամյա Լուսինե Սարգսյանը. «Շատ եմ ուզում, որ բոլոր երեխաները լինեն ուրախ, առողջ ու երջանիկ, շատ վատ եմ զգում, որ Սիրիայում, ՈԻկրաինայիում զոհվում են երեխաներ: Աշխարհի բոլոր մանուկները խաղաղություն են նկարում, մեր նկարներով ուզում ենք ձեզ տանել հեքիաթային թռչուններով ու ծաղիկներով լի այն կախարդական աշխարհը, ուր մարդը ապրում է ուրախ, խաղաղ ու երջանիկ: Իսկ այդ ամենում մեզ շատ է օգնում մեր հարգարժան պարոն Սևադան»:
Տասնհինգամյա Ռուզաննա Մելիքսեթյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ստուդիա է հաճախում անցյալ տարվա սեպտեմբերից: Դասերը հաճելի ու ընկերական մթնոլորտում են անցնում: Եթե որևէ թեմա չես ուզում, ազատ ես, կարող ես չնկարել: Ռուզաննան ներկայացել էր «Ձմեռ» կտավով: Ասաց, որ ցուցահանդեսի ժամանակ և՛ քո, և՛ ընկերներիդ աշխատանքներն ուրիշ կերպ ես ընկալում: Ռուզաննան սիրում է գծանկարներ, ուզում է դառնալ ճարտարապետ-դիզայներ:
Հավելենք, որ ցուցահանդեսը բաց կլինի մինչև հունիսի 30-ը:
Ի լրումն ասեմ, որ Սամվել Սևադան շրջում է Հայաստանի շրջաններով, ցուցահանդեսներ է կազմակերպում, վարպետության դասեր անցկացնում:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 3644

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ